հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը. Թուրքիայի առևտրի նախարար

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը. Թուրքիայի առևտրի նախարար

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը այցելել է Հայաստանի հետ սահմանակից Կարսի մարզ։

Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականն, ըստ որի թուրք նախարարը հայտարարել է, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով, որ այդ հարցն ուղղակիորեն կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորումից։
 
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը կազատվի սփյուռքի ու օտարերկրյա պետությունների ճնշումից և կաջակցի սահմանների բացմանն ու ժողովրդի բարեկեցության բարելավմանը»,- նշել է թուրք նախարարը։
 
Մուշը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության ու տարածաշրջանում տիրի քաղաքական կայունության մթնոլորտ, Կարսում սահմանային անցակետերը կբացվեն, որի արդյունքում տարածաշրջանում էապես կաշխուժանա երկկողմ առևտուրը։
 
Մեհմեթ Մուշը նաև հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է շատ կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին բացել նոր անցակետեր։
 
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
 
Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։
 
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները գլխավոր խոչընդոտն են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։
 
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

  • Կիսվել: