ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեկ Թբիլիսիում իրավիճակը կրկին լարվել է․ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան

Երեկ Թբիլիսիում իրավիճակը կրկին լարվել է․ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան

Երեկ երեկոյան Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը՝ փորձելով արգելափակել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունումը։

Ընդունված օրինագիծը հետ կանչելու վերջնաժամկետը ժամը 22:00-ն էր, որից հետո «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն ցուցարարներին խնդրեց քվեարկել ձեռքը վերև պարզելով, եթե նրանք կողմ են խորհրդարանը շրջափակման մեջ դնելուն: Սա ծափահարությունների արժանացավ։

Վերջնագրի ժամկետի ավարտից հետո ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան։ Նրանք սկսել են կոտրել շենքի ապակիները և բակ տանող դարպասը։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։

Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել՝ ցուցարարներին քշելու համար։ Նրանք նաև արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարները պատասխանում են ոստիկաններին՝ ճայթրուկներ նետելով նրանց վրա։

Ուժայիններին հաջողվել է ցուցարարներին հեռացնել խորհրդարանի ծառայողական մուտքերից։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բարձրախոսով հորդորում են ներկաներին ցրվել։

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային ներկա է գտնվել Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։ Նախկին վարչապետը հանրահավաքում եղել է մեկ ժամ։

ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին կոչ է արել իշխանություններին զերծ մնալ Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում մարտի 8-ին։

«Իշխանությունները թող հասկանան, որ վերջին հնարավորությունն ունեն կրճատելու բնակչության հետ ավելացող ու ավելացող հեռավորությունը։ Սա նրանց վերջին հնարավորությունն է ցույց տալու, որ եվրոպամետ լինելը դատարկ խոսքեր չեն, այլ իրենց նպատակը։ Թող զերծ մնան ուժի ցանկացած կիրառումից, սա իմ կոչն է նրանց այստեղից»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: