հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երեկ Երուսաղեմում միանգամից չորս հարձակում է տեղի ունեցել հայերի վրա․ ծայրահեղականները Պատրիարքարանի վրայից փորձել են հանել ՀՀ դրոշը, թքել են հայ եկեղեցականի վրա, արցունքաբեր գազ ցողել հայերի աչքերին

Երեկ Երուսաղեմում միանգամից չորս հարձակում է տեղի ունեցել հայերի վրա․ ծայրահեղականները Պատրիարքարանի վրայից փորձել են հանել ՀՀ դրոշը, թքել են հայ եկեղեցականի վրա, արցունքաբեր գազ ցողել հայերի աչքերին

Վերջին օրերին Իսրայելում շեշտակի հաճախացել են հայերի, հայկական եկեղեցիների և հայկական թաղամասի վրա հարձակումները հրեա ծայրահեղականների կողմից։ Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեցին հայկական համայնքի ներկայացուցիչները, երկու օր առաջ հայկական ռեստորանի վրա ծայրահեղականների հարձակմանը երեկ հաջորդել են ևս չորս հարձակումներ։

Մի միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 4-5 դիմակավորված ծայրահեղական փորձել են հայկական Պատրիարքարանի վրայից հանել ՀՀ դրոշը, սակայն հայ երիտասարդներից մեկը խոչընդոտել է նրանց։ Քսան րոպե անց ծայրահեղականները՝ արդեն ավելի մեծ թվով վերադարձել են Պատրիարքարանի մոտ և հայերի հետ հրահրել ծեծկռտուք, միջադեպի ժամանակ, որքան էլ որ տարօրինակ է ձերբակալվել է հայ երիտասարդներից մեկը։

Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մոտ՝ ծայրահեղականները թքել են հայ եկեղեցականի վրա և հայհոյել նրան։ Մյուս դեպքը դարձյալ տեղի է ունեցել Երուսաղեմում՝ ծայրահեղականները պղպեղով գազ են ցողել հայերի աչքերին, ժամանակավորապես վնասելով նրանց տեսողությունը։ Սակայն միջադեպի հետևանքով բացի ծայրահեղականներից դարձյալ ձերբակալվել են հայեր։

Ըստ տեղի հայերի՝ ծայրահեղականները գտնվում են ինչպես ոստիկանական ուժերի, այնպես էլ բանակի պաշտպանության ներքո։ Համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ հայերի վրա հարձակումներ Իսրայելում, մասնավորապես, Երուսաղեմում առաջ էլ են եղել, սակայն վերջին շրջանում կտրուկ շատացել են։

Ըստ նրանց՝ դա բացատրվում է նրանով, որ Իսրայելի վերջին ընտրություններում հաղթել է ռադիկալ աջ «Օցմա Եհուդիտ» կուսակցությանը, որի ղեկավարն է այդ երկրի Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։

Համայնքի ներկայացուցիչների խոսքերով, հայերը ծայրահեղականների կողմից թիրախավորվել են այն պատճառով, որ հայկական թաղամասը գտնվում է հրեաների համար սուրբ Սիոն լեռան վրա։

Հայկական համայնքի ներկայացուցիչները այս փաստերի առթիվ նամակներ են հղել Իսրայելի նախագահին, ՄԱԿ-ին, միջազգային այլ կազմակերպություններին։ Միջադեպերը դատապարտել է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի թեմը, սակայն Իսրայելում ՀՀ դեսպանատունը, ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաև ՀԱԵ-ն ինչպես միշտ լուռ են։

 

  • Կիսվել: