կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Էրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր

Էրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր

Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի երկուշաբթի օրը Թուրքիայի նախարարների կաբինետի կայանալիք նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

«Նախարարների կաբինետի նիստում կքննարկվեն Իրանին հարված հասցնելու ԱՄՆ սպառնալիքները, ինչպես նաև տարածաշրջանի վերջին իրադարձությունները։ Կրկին կընդգծվի Թուրքիայի դիրքորոշումը, որը դեմ է ռազմական միջամտությանը և պաշտպանում է դիվանագիտությունն ու երկխոսությունը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում նախարարները կքննարկեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ շաբաթավերջին Ստամբուլ կատարած այցի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Թուրքիայի նախագահի հետ նրա հանդիպումների, ինչպես նաև Էրդողանի՝ ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հետ հեռախոսազրույցների արդյունքները։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Թուրքական կողմը չի տիրապետում կոնկրետ տեղեկատվության՝ Ուիթքոֆի և Իրանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման նախապատրաստման վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական մայրաքաղաքի աղբյուրը։

  • Կիսվել: