Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի․ հինգ տարի շուտ, քան նախատեսված է ՆԱՏՕ-ի նպատակային ժամկետով։
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովում ելույթի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան արդեն ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3,5 տոկոսի հասցնելու համար, իսկ անվտանգության և կայունության հետ կապված ծախսերն արդեն կազմում են ՀՆԱ-ի 1,5 տոկոսը։
«Այսպիսով, մենք նպատակ ունենք Հաագայի գագաթնաժողովում 2035 թվականի համար սահմանված 5 տոկոսի նպատակին հասնել հինգ տարի շուտ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի գլխավոր ձեռքբերումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում արձանագրված առաջընթացն է։
«Արտադրության և արտահանման կարողություններով մենք արդեն աշխարհի առաջին տասը երկրների շարքում ենք»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ առաջիկա երեք տարիների ընթացքում Թուրքիան նախատեսում է ժամկետից շուտ կատարել ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած 361 կարողությունների նպատակների գրեթե ամբողջ ծավալը։
Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության նախագծի համար հատկացվել է լրացուցիչ 24 միլիարդ դոլար։
Էրդողանը կոչ է արել վերացնել դաշնակիցների միջև պաշտպանական համագործակցության ոլորտում գործող սահմանափակումները․ նա ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության նախաձեռնությունները պետք է լրացնեն, այլ ոչ թե կրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործունեությունը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինային և միաժամանակ կապի ուղիներ է պահպանում Ռուսաստանի հետ՝ խաղաղ գործընթացին նպաստելու նպատակով։
«Մենք կիսում ենք նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը Ուկրաինայի հարցում և շարունակելու ենք աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ խրախուսելով Ռուսաստանին շարժվել դեպի խաղաղություն»,- ասել է Էրդողանը։
Անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության բանալին երկու պետությունների սկզբունքով կարգավորումն է և կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Գազայում և Լիբանանում կայունության ապահովման ուղղությամբ։



