ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ըմբիշին նախարարությունում խորհրդական է նշանակել

Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ըմբիշին նախարարությունում խորհրդական է նշանակել

Թուրք հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռըզա Քայաալփը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությունում խորհրդական է նշանակվել, գրում է ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ սոցցանցերում պարբերաբար հայերի ու հույների վերաբերյալ ռասիստական գրություններ անելով հայտնի այս մարզիկի նշանակաման հրամանը ստորագրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ վիճարկելի են որակել Քայաալփի նշանակումը՝ հիշեցնելով նրա նախկին ռասիստական գրառումներից մի քանիսը։

Փոքրամասնությունների նկատմամբ մարզիկի անհանդուրժողական կեցվածքը հատկապես ցայտուն է դրսևորվել 2013-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած մասշտաբային ու տևական բողոքի ցույցերի ժամանակ։

Այդ օրերին Twitter-ում արած գրառումներով Քայաալփը հայերին ու հույներին էր մեղադրում այդ ցույցերը կազմակերպելու ու երկրում անկայունություն հրահրելու մեջ։

«Հրապարակը հայերին եք թողել, ալլահը թող ձեր պատիժը տա, ավազակ ցուցարարներ»։ Հայերին վիրավորող այս ու այլ գրառումների համար FILA-ն 6 ամիս ժամկետով որակազրկել էր թուրք մարզիկին։

 

  • Կիսվել: