չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էրդողանին քննադատել են դեսպանների հետ կապված հրամանի պատճառով

Էրդողանին քննադատել են դեսպանների հետ կապված հրամանի պատճառով

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա հանձնարարել էր արտգործնախարարությանը՝ «անցանկալի անձ» ճանաչել Անկարայում դիվանագիտական ծառայություն մեջ գտնվող 10 երկրի՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին: Վերջինները կոչ էին արել ազատ արձակել 4 տարի շարունակ բանտում գտնվող, Հայոց ցեղասպանությունը ճանաչող իրավապաշտպան, հրատարակիչ Օսման Քավալային։ Այդ մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Սա շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորումն ու դրանց կիրառումը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ազատ արձակել այդ իրավապաշտպանին»,- նշել է վարչապետ Մարինը։

Ավելի վաղ նման բնույթի հայտարարություններ էին արել Դանիան և Նորվեգիան:

Էրդողանի հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները կատարում են իրենց երկրի ղեկավարության հրամանը, և նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով՝ դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների:

Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դատապարտել էր Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ ճգնաժամը դառնալ:

  • Կիսվել: