ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա արդյունքներով հինգ փաստաթուղթ է ստորագրվել

Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա արդյունքներով հինգ փաստաթուղթ է ստորագրվել

Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի ընթացքում հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:  

Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն ստորագրել են արձանագրություն, որը փոփոխություններ է մտցնում երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին միջկառավարական համաձայնագրում ։ Ավելի ուշ Չավուշօղլուն Twitter-ի էջում հայտնել էր, որ փաստաթուղթը թույլ է տալիս նման ուղեւորություններ կատարել ներքին անձնագրերով: "Իմ եղբոր ՝ Ջեյհուն Բայրամովի հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ մոտ ժամանակներս հնարավոր կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհորդել միայն անձը հաստատող փաստաթղթով", - գրել է նա:

Բացի այդ, թուրքական BMC Otomativ ընկերությունը պայմանավորվել է զարգացնել համագործակցությունը ադրբեջանական փոխադրողների՝ Բաքվի տրանսպորտային գործակալության եւ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության հետ: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման մասին արձանագրություններ։

Ադրբեջանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործակալությունը եւ Թուրքիայի նախագահին կից Ներդրումային գրասենյակը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Բաքուն եւ Անկարան նաեւ պայմանավորվել են ԶԼՄ-ների ոլորտում ռազմավարական գործընկերության մասին. համապատասխան հուշագիր են ստորագրել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եւ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում։ Հինգշաբթի օրը Բաքվում նա ներկա է գտնվել Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսին։

  • Կիսվել: