ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ԵՄ-ը պատրաստվել է ՌԴ-ն փոխարինել Ադրբեջանով Ուկրաինայով գազ ստանալու համար

ԵՄ-ը պատրաստվել է ՌԴ-ն փոխարինել Ադրբեջանով Ուկրաինայով գազ ստանալու համար

Եվրամիությունն առաջարկել է Ուկրաինային պահպանել գազի տարանցումը Ռուսաստանի հետ պայմանագրի ավարտից հետո, Bloomberg-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ եվրոպական ընկերությունները գազ կգնեն Ադրբեջանից եւ այն կղմեն այն խողովակաշարերով, որոնք անցնում են Ուկրաինայով դեպի Եվրոպա։

Այս գաղափարը «թափ է հավաքում», քանի որ Կիեւը շահագրգռված է դրանով, նշել են գործակալության զրուցակիցները։ 2021թ. գազի տարանցումից ստացված եկամուտն Ուկրաինային բերել է մոտ 1 մլրդ դոլար։

Սակայն ԵՄ-ում անհանգստանում են, որ ռուսական գազի տարանցումից հրաժարվելու դեպքում Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը կդառնա Ռուսաստանի ռազմական թիրախ եւ արագ դուրս կբերվի շարքից։ Այդ դեպքում տարանցման վերականգնումը թանկ կնստի։

 

Առայժմ բանակցությունները վաղ փուլում են, իսկ որոշման ընդունումը սպասվում է տարեվերջին, նշել են Bloomberg-ի աղբյուրները։ Հարցի քննարկմանը մասնակցում է նաեւ գերմանական Uniper-ը։

«Нафтогаз Украины»-ն «կանի ամեն ինչ», որպեսզի լուծում գտնի, որի դեպքում գազատրանսպորտային համակարգը կշարունակի աշխատանքը, ասել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշովը։ «Մենք պետք է մշտապես հիշենք երկու գործոնի մասին. նախ՝ Ուկրաինան ունի անհավանական ենթակառուցվածքային տարանցում եւ գազի պահեստարաններ, որը պետք է օգտագործել, եւ Ուկրաինան տրամադրված է օգտագործել այդ ենթակառուցվածքը, որովհետեւ այն մի շարք առավելություններ է ապահովում»,- նշել է նա։

Չերնիշովը բացառել է ցանկացած պլան, որը ենթադրում է համագործակցություն ռուսական «Գազպրոմի» հետ։ Ադրբեջանից գազի մատակարարումները «կարող են ապագա ունենալ», նշել է նա։

Bloomberg-ի տվյալներով՝ Ադրբեջանն արդեն օգտագործում է իր խողովակաշարը դեպի Եվրոպա «լրիվ հզորությամբ»։ Գործարքը կարող է օգուտ բերել նաեւ Ռուսաստանին, եթե ձեւակերպվի փոխանակման տեսքով, որը թույլ կտա Մոսկվային գազ մատակարարել այլ երկրներ։

Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել եվրոպական երկրներ տարեկան 15 մլրդ խորանարդ մետրի չափով։ Մատակարարումները հիմնականում կատարվում են Ավստրիա եւ Սլովակիա, նշել է Bloomberg-ը։ Եվրոպան ռուսական հեղուկացված գազը ներմուծում է ծովային ճանապարհով։ ԵՄ-ում հայտնել են ռուսական գազից լիովին հրաժարվելու պլանների մասին մինչեւ 2027թ.։

  • Կիսվել: