ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում. Կալաս
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ: Այդ մասին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ այն կներառի ստվերային նավատորմը և այլ տարրեր: Նախատեսվում է դրա շուրջ համաձայնության գալ մայիսին։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ մեծ փաթեթի նախագծի շուրջ քննարկումներին տեսակապի միջոցով մասնակցել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, որը «պահանջել է պատժամիջոցներ սահմանել ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարման և միջուկային արդյունաբերության նկատմամբ»։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն, սակայն, հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին էներգամատակարարման ոլորտում։
Կայա Կալասն էլ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ երկրները 2025 թվականի համար Ուկրաինային հատկացրել են 23 միլիարդ եվրո ռազմական օգնություն, մինչդեռ անցյալ տարի ԱՄՆ-ի հետ միասին Կիևը ստացել է մինչև 40 միլիարդ եվրո, 20 միլիարդը՝ ԵՄ-ից, 20-ը՝ ԱՄՆ-ից: