երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵՄ-ն պետք է աջակցի Թուրքիային ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման գործում. Հունաստանի ԱԳ նախարար

ԵՄ-ն պետք է աջակցի Թուրքիային ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման գործում. Հունաստանի ԱԳ նախարար

«ԵՄ-ն պետք է աջակցի Թուրքիային ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման գործում»,-Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որտեղ ժամանել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու համար։

Նախարարը հիշեցրել է, որ նիստում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի իրավիճակը, Աֆղանստանում կանանց իրավունքները, կլիմայական ճգնաժամը և բնապահպանական խնդիրները:

Դենդիասը նաև նշել է, որ գործընկերներին կտեղեկացնի Թուրքիա կատարած այցի արդյունքների մասին:

«Հնարավորություն կլինի գործընկերների հետ քննարկել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղիները։ Ես շատ եմ ցավում դա ասելու համար, բայց տեղի ունեցավ չտեսնված մեծ աղետ: Անհրաժեշտ է մեծ օգնություն և աջակցություն»,-ընդգծել է նախարարը։

Ավելի վաղ հունական դիվանագիտության ղեկավարը երկրաշարժերից հետո այցելել էր թուրքական Հաթայ և Ադանա, որտեղ հանդիպել էր իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։

  • Կիսվել: