երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԵՄ-ն պատրաստվում է շենգենյան վիզաների օնլայն տրամադրմանը

ԵՄ-ն պատրաստվում է շենգենյան վիզաների օնլայն տրամադրմանը

ԵՄ Խորհրդի եւ Եվրախորհրդարանի բանակցողները համաձայնեցրել են թվային շենգենյան վիզաների սահմանման նոր դրույթը, որոնք ապագայում հնարավոր կլինի ստանալ օնլայն։ Այս մասին ասվում է խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Այս դրույթը հնարավորություն է տալիս վիզա ստանալու համար դիմել առցանց, ինչպես նաեւ այժմ օգտագործվող կպչուն պիտակը փոխարինում է թվային վիզայով»,-ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդում վստահեցնում են, որ այս նախաձեռնությունը կդյուրացնի շենգենյան վիզայի ստացումը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կուժեղացնի անվտանգությունը շենգենյան տարածքում:

Ինչպես նշել են ԵՄ Խորհրդում, առաջարկն ուժի մեջ մտնելուց հետո կստեղծվի հատուկ միասնական առցանց հարթակ, որի միջոցով կիրականացվեն դիմումների ներկայացումը եւ էլեկտրոնային վիզաների տրամադրումը, ինչը զգալիորեն կհեշտացնի ընթացակարգը ինչպես ճանապարհորդների, այնպես էլ հյուպատոսական ծառայությունների համար:   

Հաղորդվում է նաեւ, որ դիմորդները, այնուամենայնիվ, ստիպված կլինեն անձամբ ներկայանալ հյուպատոսություն այն դեպքում, եթե շենգենյան վիզայի հայտը ներկայացվում է առաջին անգամ, եւ իշխանությունները պահանջում են ստանալ դիմողի կենսաչափական տվյալները, ինչպես նաեւ, եթե կենսաչափական տվյալներն այլեւս անվավեր են: Բացի այդ, անձնական ներկայությունը անհրաժեշտ կլինի այն դեպքում, եթե ձեռք բերվի նոր փաստաթուղթ, որով դիմումատուն ճանապարհորդում է:  

  • Կիսվել: