կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կառաջարկի Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի մահվան պատճառով

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կառաջարկի Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի մահվան պատճառով

Եվրամիությունը կառաջարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Պատժամիջոցների ցանկում տեղ կգտնեն 35 ֆիզիկական և 2 իրավաբանական անձինք։

Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի նախագիծը։

Ըստ հրապարակման՝ ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցների ցանկում ներառել ռուսաստանցի պետական պաշտոնյաների, դատավորների և բանտի ղեկավար աշխատակիցների. նրանց անունները դեռ չեն նշվում:

Ընդդիմադիր գործիչը քրեակատարողական հիմնարկում մահացել էր փետրվարի 16-ին։ Նրա մահվան հստակ պատճառները դեռ չեն հաղորդվել։ Նավալնիի ընտանիքը և արևմտյան քաղաքական գործիչները նրա մահվան մեջ մեղադրել են ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Նավալնիի մահվան մասին Մոսկվան համարում է անզուսպ և անթույլատրելի. դեռևս չկան բժիշկների և դատաբժշկական փորձագետների վերջնական տեղեկատվությունն ու եզրակացությունները։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքն իրավունք չունի Ռուսաստանի ներքին գործերին միջամտել Նավալնիի մահվան հետ կապված իրավիճակում։

  • Կիսվել: