ԵՄ–ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի զարգացմանը. Լայեն
ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք Global Gateway (Գլոբալ դարպասներ) անվանումով ծրագիր և կհատկացնենք 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ՝ Կովկասում կապուղիների զարգացման նախագծերը խթանելու համար, ինչը ճանապարհ կհարթի դեպի 2 միլիարդ եվրոյի պոտենցիալ ունեցող ապագա։ Խոսքը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումների մասին է։ Խոսքը նաև դեպի Նախիջևան տանող երկաթգծի, նախագծերի իրականացման և Բաքվի նավահանգստի զարգացման մասին է»։
Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ այսօր Հարավային Կովկասը գտնվում է շատ կարևոր խաչմերուկում, ինչն ուժեղացնում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, և Ադրբեջանն այս գործընթացում կարևոր դեր է խաղում։
Նա նաև հավելել է, որ Արևմուտքը մտադիր է Բաքվում անցկացնել Տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերով համաժողով՝ Եվրամիության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ։



