չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԵՄ անդամ երկրները Թրամփին ուղղված հայտարարություն են տարածել

ԵՄ անդամ երկրները Թրամփին ուղղված հայտարարություն են տարածել

Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերականգնված հետաքրքրությանը։ Նրանք  ընդգծել են, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի համատեղ։

«Դանիայի Թագավորությունը՝ ներառյալ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում»,– նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դանիայի վարչապետի գրասենյակի X-ի էջում։

«Արկտիկայում անվտանգությունը, հետևաբար, պետք է ձեռք բերվի համատեղ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ պահպանելով ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Սրանք ունիվերսալ սկզբունքներ են, և մենք չենք դադարի պաշտպանել դրանք»,– շարունակել են առաջնորդները։

 

«Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Միայն Դանիան և Գրենլանդիան կարող են որոշումներ կայացնել Դանիայի և Գրենլանդիայի վերաբերյալ հարցերում»։

Հայտարարությունը ստորագրել են Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերզը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես նաև Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի առաջնորդները։

Այս համակարգված ուղերձը, որը նաև ԱՄՆ-ը անվանել է «անհրաժեշտ գործընկեր» Արկտիկայի անվտանգության ապահովման գործում, հնչել է այն ժամանակ, երբ Թրամփը կրկին ուշադրություն է դարձրել հանքանյութերով հարուստ և քիչ բնակեցված այդ տարածքին։

  • Կիսվել: