ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման կապակցությամբ

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման կապակցությամբ

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շեննախն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը լուրջ անհանգստություններ են հայտնել Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Համազեկուցողները հատուկ անհանգստություն են հայտնել դեպքերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության մասին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունների առնչությամբ:

«Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից», - ասել են նրանք` նկատի ունենալով 2020 թվականի փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին անհամաձայնություն հայտնած խաղաղ ցուցարարների նկատմամբ ադրբեջանցի իրավապահների բռնությունները:
 
Համազեկուցողների մոտ ամենամեծ անհանգստությունն առաջացրել է բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդու ձերբակալությունը, իսկ մինչ բողոքի ակցիան արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների` Իլգար Մամեդովի («Ռեալ» կուսակցություն), Արիֆ Հաջիլըի («Մուսավաթ» կուսակցություն), Ռուսլան Իզզաթլեի (D 18 շարժում) և Մեհման Հուսեյնովի (Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտ) ձերբակալությունները:
 
«Բազմակարծության այդպիսի ճնշումը բացարձակ անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-եզրափակել են իրենց խոսքը համազեկուցողները` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ խաղաղ բողոքի ակցիաները ժողովրդավարական գործընթացի շրջանակում:
 
Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Բաքվում` Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Բոլոր ակցիաները ոստիկանությունը բռնի ուժով ցրել է` ձերբակալելով ավելի քան 100 մարդու, նրանց թվում` ընդդիմադիր քաղաքական գործիչների և պատգամավորության թեկնածուների:

  • Կիսվել: