չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵԱՏՄ-ում կներդնեն վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի վերահսկման ռուսական համակարգը

ԵԱՏՄ-ում կներդնեն վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի վերահսկման ռուսական համակարգը

Վարորդների և անձնակազմի անդամների արագության, աշխատանքի, հանգստի ռեժիմի գրանցման (տախոգրաֆիա) նոր համակարգը նախատեսվում է մոտ ապագայում տարածել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տրանսպորտի վրա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը։ Տախոգրաֆիայի այլընտրանքային համակարգը փոխարինելու է եվրոպականին, որի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականին։
 
ԵԱՏՄ-ի համար տախոգրաֆիայի համակարգի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունների Ռուսաստանի ազգային ասոցիացիան (НАПТА): Ներկայում ռուս փոխադրողները չեն կարող մեկնել Եվրոպա, քանի որ պատժամիջոցների պայմաններում Իտալիայում Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը (JRC) հրաժարվել է երկարաձգել 2021 թվականին տրված Ռուսաստանի և Բելառուսի կրիպտոգրաֆիկ բանալիների ազգային հավաստագիրը:
 
Համապատասխանաբար, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ձեռնամուխ է եղել տախոգրաֆներում տեղադրվող վարորդական քարտերի սերտիֆիկացման տեղական համակարգի մշակմանը:
Տախոգրաֆի առկայությունը պարտադիր է ցանկացած միջազգային փոխադրումների ժամանակ, այդ թվումՌուսաստանի և Հայաստանի միջև: Ներռուսաստանյան փոխադրումների համար օգտագործվում է СКЗИ տախոգրաֆը, իսկ արտասահմանյան փոխադրումների համար` ЕСТР: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ համաձայնեցնելուց հետո ռուս մասնագետների կողմից մշակված տախոգրաֆիայի նոր համակարգը կներդրվի միության ողջ տարածքում:

  • Կիսվել: