հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵԱՏՄ–ում Իրանի հետ առևտրի աճ են կանխատեսում

ԵԱՏՄ–ում Իրանի հետ առևտրի աճ են կանխատեսում

Իրանի հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերի 25-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի շրջանակում։ Այս մասին ԵՏՀ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, գրում է parstoday.ir-ը:

Ինչպես նշել է նախարարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումների համաձայն` համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկրների ապրանքաշրջանառությունն առաջիկա 5-7 տարիների ընթացքում կարող է հասնել 18-20 մլրդ դոլարի։

«Այդ համաձայնագրին մենք մեծ նշանակություն ենք տալիս», – ասել է նա։

Սլեպնյովը նշել է, որ Իրանի համար սա առաջին համաձայնագիրն է ազատ առևտրի գոտու վերաբերյալ, և որ այն մեծ հեռանկարներ է բացում, մասնավորապես ՌԴ մատակարարների համար։ Նրանք ապրանքների 90%–ի մատակարարման համար արտոնյալ հասանելիություն կստանան։

Սլեպնյովի խոսքով` դա ծածկում է դեպի Իրան ՌԴ–ի ներկայիս արտահանման ծավալների 99,2%–ը։

Տուրքերի միջին չափը ՌԴ մատակարարների համար համաձայնագրի ստորագրումից հետո կնվազի 30%–ից մինչև 4,5%։ Սա թույլ կտա արտահանման ներկայիս ծավալների պարագայում 380 մլն դոլար տնտեսել։

«Իհարկե մի շարք խնդիրներ կան. Իրանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, այդ պատճառով այնտեղ կանոնակարգման առանձնահատկություններ կան, որոնք պետք է համաձայնեցնենք ապագա համաձայնագրի հետ ինչպես թափանցիկության առումով, այնպես էլ այլ տարրերի, քանի որ մեր առևտրում կիրառելու ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության բազան, որին ընտելացել են բոլորը։ Երկրորդ պահը` դա իհարկե հաշվարկների հարց է, այստեղ որոշակի դրական միտում է նկատվել, ազգային արժույթով մենք հաշվարկների մեծ մասնաբաժին ունենք։ Աշխատանքն ընթանում է», – նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը (տուրքերի նվազում ապրանքների սահմանափակ թվի համար) ուժի մեջ է մտնել 2019 թվականի հոկտեմբերին։

Դրանից հետո բանակցություններ սկսվեցին մշտական հիմքով համաձայնագիր ստորագրելու մասին։

  • Կիսվել: