կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ձերբակալվել են Բուրսայի քաղաքապետն ու նրա ընտանիքի անդամները

Ձերբակալվել են Բուրսայի քաղաքապետն ու նրա ընտանիքի անդամները

Ձերբակալվել է Թուրքիայի Բուրսա քաղաքի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ներկայացուցիչ Մուստաֆա Բոզբեյը։

Բուրսայի գլխավոր դատախազության իրականացրած հետաքննության շրջանակում որոշում է կայացվել ձերբակալել Բոզբեյին և ևս 58 կասկածյալի, որոնցից 55-ն արդեն ձերբակալված են։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում են Բոզբեյի կինը, դուստրը, եղբայրները, ինչպես նաև մի շարք գործարարներ։ Խուզարկություններ են իրականացվել քաղաքապետի տանը և քաղաքապետարանի շենքում։

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել «հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան անդամակցելու», ինչպես նաև «հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման» (փողերի լվացում) հոդվածներով։

Հատուկ գործողություններն իրականացվել են Բուրսայում, ինչպես նաև Ստամբուլում, Բալըքեսիրում և Դիարբեքիրում։ Հաղորդվում է, որ 4 հոգի գտնվում են երկրի սահմաններից դուրս. նրանց նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել։

  • Կիսվել: