չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորին ձերբակալել են

Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորին ձերբակալել են

Դատարանը կալանքի օրդեր է տվել Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, որը կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը լոբբինգ անելու համար, տեղեկացնում է DW-ն:

Նշվում է, որ Ֆիշերին տեղափոխել են քննչական մեկուսարան: Նախկին պատգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ մինչ այդ այցելել է կլինիկա։ Նա կալանավորվել է Բադ Ցեկինգենի հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։

Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ նախկին պատգամավորը հայտարարել է իր անմեղության մասին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Աքսել Ֆիշերը 1998-2021 թվականներին Բունդեսթագի անդամ է եղել Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցությունից, իսկ 2010 թվականից՝ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ: 

2018 թվականին պարզվել է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայում իրենց շահերը պաշտպանելու և առաջ մղելու  համար։ 

Ըստ քննության՝ Ֆիշերը փողի համար քվեարկել է հօգուտ Բաքվի, արել է ադրբեջանամետ հայտարարություններ և գաղտնի փաստաթղթեր է փոխանցել: Այդ ամենի համար նա 2011-2014-ին Բաքվից ստացել է 58000 եվրո, իսկ 2015-2016-ին՝ ևս 26300 եվրո։  

  • Կիսվել: