Ձերբակալվել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն ձերբակալվել է դաշնային ոստիկանության կողմից Բրազիլիայում գտնվող իր տանը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ձերբակալությունը թույլատրվել է Գերագույն դաշնային դատարանի կողմից և կրում է կանխարգելիչ բնույթ։
Մեկ օր առաջ քաղաքական գործչի որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն, կոչ էր արել իր կողմնակիցներին պիկետ անցկացնել նախկին նախագահի նստավայրի առջև, և ոստիկանությունը գործողությունը վտանգավոր էր համարել մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար։
Նշվում է նաև, որ նախկին նախագահի փաստաբանները հետագայում հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել նախատեսված ձերբակալության մասին:
Բոլսոնարոյի պաշտպանությունը պնդում է, որ քաղաքական գործիչը տառապում է լուրջ առողջական խնդիրներով և խնդրում է նրան տնային կալանքի ենթարկել մարդասիրական նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն դաշնային դատարանը Բոլսոնարոյին դատապարտել էր 27 տարի 3 ամիս ազատազրկման՝ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար։


