շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Դրուժբա»-ով նավթի մատակարարումը դադարեցվել է առնվազն հինգ օրով. Հունգարիայի ԱԳ նախարար

«Դրուժբա»-ով նավթի մատակարարումը դադարեցվել է առնվազն հինգ օրով. Հունգարիայի ԱԳ նախարար

«Դրուժբա» նավթամուղով Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումը ուկրաինական գրոհի պատճառով դադարեցվել է առնվազն հինգ օրով, X սոցցանցում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Անկեղծ լինենք. այս գրոհներով Ուկրաինան առաջին հերթին վնաս է հասցնում ոչ թե Ռուսաստանին, այլ Հունգարիային և Սլովակիային», - հայտարարել է նա։

Սիյարտոն նաև դիմում է հրապարակել՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովին՝ Եվրամիության երկրներ «էներգիայի մատակարարման անվտանգությունը երաշխավորելու» պահանջով։ Դիմումը, բացի Սիյարտոյից, ստորագրել է նաև Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը։

«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Եվրամիությունը և նրա անդամները հարյուրավոր միլիարդ եվրոյի աջակցություն են տրամադրել Ուկրաինային, մենք անընդունելի ենք համարում Ուկրաինայի գործողությունները, որոնք լրջորեն սպառնում են Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը», - ասվում է դիմումում։

«Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» նավթավերամշակման կայանին հարվածի մասին ավելի վաղ հայտնել էին Ուկրաինայի ԶՈւ-ը։ Բրյանսկի մարզի իշխանությունները, որտեղ գտնվում է կայանը, հայտարարել են, որ գրոհից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։

  • Կիսվել: