շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դոհայում վերսկսվել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

Դոհայում վերսկսվել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

Կատարում վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատման շուրջ բանակցությունները, որոնք, ըստ ամենայնի, կարող են ավարտվել համաձայնության կնքմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակություններն անուղղակի բանակցություններ են վարում միևնույն շենքում։ 

Համաձայնագիրը նախատեսում է մի քանի փուլ, որոնցից առաջինի ընթացքում ազատ կարձակվի 33 պատանդ։ 

Միևնույն ժամանակ, Գազայում BBC-ի թղթակիցը հայտնել է, որ համաձայնագրի առաջին օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 3 պատանդի, որից հետո Իսրայելը կսկսի զորքերի դուրսբերումը։ 

Կատարի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսօր՝ հունվարի 14-ին, հրադադարի մասին հայտարարություն չի լինի։ Ըստ Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարիի՝ դժվար է ժամանակային սահմաններ նշել, սակայն «նախկինի համեմատ մենք այժմ հնարավորինս շատ ենք մոտեցել համաձայնագրի կնքման»։ 

 

  • Կիսվել: