Դի Կապրիոն 3 միլիոն դոլար կնվիրաբերի՝ Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար
Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ գումարը փոխանցվելու է Australia Wildfire Fund հիմնադրամին, որը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը:
Գումարն ուղղվելու է հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը:
Հաղորդվում է նաև, որ Earth Alliance-ը ստեղծվել է 2019թ.՝ Դի Կապրիոյի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսի, ներդրող Բրայան Շեթի կողմից:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի: