հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել. հարցում

Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել. հարցում

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հավանություն չեն տալիս 2024 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրմանը, այդ քայլը չի ողջունում դեմոկրատների 56 տոկոսը: Այդ մասին են վկայում այն հարցման՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ կատարել են ABC հեռուստաալիքը եւ The Washington Post թերթը։

Այն հարցին, թե «ցանկանու՞մ եք արդյոք, որ Դեմոկրատական կուսակցությունը 2024 թվականին Բայդենին թեկնածու առաջադրի երկրորդ նախագահական ժամկետի համար», դրականորեն է պատասխանել հարցման մասնակիցների 35 տոկոսը, 9 տոկոսն ասել է, թե չգիտե, 56 տոկոսը հայտարարել է, որ կգերադասեր այլ թեկնածուի:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ հանրապետականների կարծիքները բաժանվել են հետեւյալ կերպ. 47 տոկոսը հանդես է եկել կուսակցությունից նրա առաջադրման օգտին, 46 տոկոսը՝ դեմ, 7 տոկոսը՝ չգիտեմ:

Հարցմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 18-ից մինչեւ 21-ը, մասնակցել են շուրջ հազար ամերիկացիներ: Վիճակագրական սխալանքը կազմում է երեք ու կես տոկոսային կետ:

Սեպտեմբերի 19-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել է, որ մտադիր է 2024 թվականին մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին, սակայն դրա վերաբերյալ վերջնական «հաստատ որոշում» ընդունելն առայժմ վաղ է: Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտնել է, որ Թրամփը կարող է կրկին պայքարի մեջ մտնել պետության ղեկավարի պաշտոնի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: