Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի հետ
Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը հունվարի 14-ին Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, տեղեկացնում է դանիական TV2 հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի անդամները հունվարի 14-ին կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ՝ Գրենլանդիայի հարցը քննարկելու համար։
Իր հերթին Ռուբիոն նշել էր, որ Դանիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա այս շաբաթ։
Գրենլանդիան համարվում է Արկտիկայի անվտանգության ապահովման կենտրոնական օղակը, ծովային ուղիների մեկնարկային կետը, տարածք, որտեղ գտնվում են հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ։ Արևմտյան ԶԼՄ-ները նշել են, որ կղզում կան գրաֆիտի, պղնձի, ցինկի, ոսկու, ադամանդի, երկաթի հանքաքարի, տիտանի, վանադիումի, ուրանի պաշարներ: Ընդ որում՝ երկրաբանահետախուզական աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել: Գրենլանդիայում է գտնվում նաև ԱՄՆ-ի «Պիտուֆիկ» տիեզերական բազան:


