Չինաստանը աջակցում է Բելառուսին՝ ինքնիշխանության և անկախության պաշտպանության հարցում․ Սի Ծինփին
Պեկինն աջակցում է Մինսկին պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Այս մասին, հունիսի 29-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։
«Չինաստանն աջակցում է Բելառուսին՝ իր պետական ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև երկրի ներքին պայմաններին համապատասխան զարգացման ուղով ընթանալու հարցում»,— Չինաստանի ղեկավարի խոսքերը մեջբերում է CCTV հեռուստաալիքը։
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը մտադիր է իր հնարավորությունների սահմաններում շարունակել աջակցություն ցուցաբերել Բելառուսին՝ ազգային զարգացման և պետականաշինության հարցերում։
Չինաստանի նախագահն ընդգծել է նաև, որ երկրներին անհրաժեշտ է պահպանել ռազմավարական փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա բարձր մակարդակով խթանել երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և օգուտ կբերի երկու պետությունների ժողովուրդներին։


