շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում

Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․

«Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը: Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները: Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է:

Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում: Կանխարգելման համար առաջարկվում է՝

• Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը

• Պահմանել ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին

• Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար

• Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները

• Հաճախակի օդափոխել փակ տարածքները: HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:

Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում»:

  • Կիսվել: