ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից՝ դառնալով պարտապան երկրների աշխարհի խոշորագույն վարկատուն. Bloomberg

Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից՝ դառնալով պարտապան երկրների աշխարհի խոշորագույն վարկատուն. Bloomberg

Չինաստանն ԱՄՆ-ի համար մրցակից է դարձել պարտապան երկրներին վարկ տալու իրավունքի համար պայքարում։ Չինաստանը դարձել է զարգացող երկրների աշխարհի խոշորագույն վարկատուն, ինչը կարող է այդ երկրիների համար սպառնալ երկարատև ֆինանսական դժվարություններով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի, Ուիլյամի և Մերիի քոլեջի AidData հետազոտական նախագծի, Հարվարդի համալսարանի և Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տնտեսագետների հետազոտության արդյունքներին:

Որպես զարգացող երկրներին վարկեր տրամադրելու ֆինանսավորման աղբյուր՝ Չինաստանի իշխանությունները օգտագործում են տեղական Կենտրոնական բանկի զգալի պահուստները։ Այս նպատակների համար արժութային կարգավորիչի դրամական պահուստները գնահատվում են 3,3 տրիլիոն դոլար, նշվում է հոդվածում։

«Աշխարհում ձևավորվել է պարտքերի տակ գտնվող երկրների անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ, որը մրցակցում է ԱՄՆ-ի գլխավորած և 1940-ականներից գործող կառույցների հետ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Չինաստանի Ժողովրդական բանկը սվոպ համաձայնագրեր է կնքել 40 երկրի և առևտրային բլոկի հետ՝ մոտ 580 միլիարդ դոլար արժողությամբ»,- ասվում է հոդվածում։

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Չինաստանի Ժողովրդական բանկը 2000 թվականից ի վեր առնվազն 240 միլիարդ դոլար է հատկացրել օտարերկրյա վարկառուներին օգնելու համար: Համեմատության համար նշվում է, որ նույն ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ընդամենը 144 մլրդ դոլար է հատկացրել զարգացող երկրներին աջակցելու համար, ասվում է հոդվածի  մեջ։

Մարտի 22-ին ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելու արգելքի մասին։ Այս նախաձեռնությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են համոզվել, որ իրենց գումարներն ու ռեսուրսներն ուղղվեն այն երկրներին, որոնք դրանց կարիքն ունեն, այլ ոչ թե ՉԺՀ-ին։

  • Կիսվել: