Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր առաջնահերթություն է Իրանի համար.Փեզեշքյան
Սի Ցզինպինին ուղղված ուղերձում ԻԻՀ նախագահը շնորհավորել է նրան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ և ընդգծել.-«Պեկինի հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունը կարևոր առաջնահերթություն է Իրանի համար», գրում է parstoday.ir-ը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ իր չինացի գործընկերոջը հղած շնորհավորական ուղերձում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է. «Ազգային օրը Չինաստանի ժողովրդի միասնության, առաջընթացի և նշանակալի նվաճումների խորհրդանիշն է զարգացման և բարգավաճման ճանապարհին, որը ենթահող է ստեղծել աշխարհի երկրների ընդհանուր բարգավաճման ու բարեկեցության համար»։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ուղղված այս ուղերձում Փեզեշքյանն ընդգծել է,-«Ինչպես նշեցի Պեկինում Ձերդ Գերազանցության հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունը կարևոր առաջնահերթություն է Իրանի Իսլամական Հանրապետության համար, և փոփոխվող ու բարդ միջազգային ու տարածաշրջանային պայմանները առավել քան երբևէ անհրաժեշտ են դարձրել համապարփակ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը։ Հուսով եմ, որ փոխադարձ շահերի ու հարգանքի լույսի ներքո երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն իրենց զարգացման ուղին»։


