Չինաստանի հարավում «Յագի» թայֆունի պատճառով գրեթե կես միլիոն բնակիչ է տարհանվել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավին մոտեցող «Յագի» թայֆունի պատճառով Հայնան նահանգի մոտ 420 հազար տեղացի բնակիչներ ստիպված են եղել տարհանվել։ Այս մասին հայտնում է China Daily-ն։
«Ուրբաթ ՝տեղական ժամանակով ժամը 9:00-ի դրությամբ, 418257 մարդ լքել է իրենց տները»,- գրում է հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ «Յագին» արդեն տարածաշրջան է բերել հորդառատ անձրեւներ ու փոթորկոտ քամիներ։ Սպասվում է, որ կեսօրից հետո թայֆունը կհասնի Հայնան և Գուանդուն նահանգ։ Մոտալուտ աղետի պատճառով իշխանությունները չեղարկել են թռիչքներն այս նահանգներում, ինչպես նաև Հոնկոնգում և Մակաոյում։ Բացի այդ, փակվել է Հոնկոնգը Մակաոյի և Չժուհայի հետ կապող կամուրջը։
Ներկայումս եղանակի կանխատեսումները նշում են, որ թայֆունի քամու պոռթկումները հասնում են 245 կմ/ժ-ի։ Ըստ Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի՝ նման փոթորիկները դասակարգվում են որպես չորրորդ կատեգորիայի փոթորիկներ (209-251 կմ/ժ)։ Ըստ կանխատեսումների՝ թայֆունը կարող է այս տարածաշրջանում վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղը լինել։
Բացի այդ, փորձագետները կանխատեսում են, որ «Յագին» այս շաբաթավերջին կհասնի Վիետնամ և Լաոս։ Վիետնամի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսում չորս օդանավակայաններ, այդ թվում՝ Նոյ Բայի միջազգային օդանավակայանը, փակվելու են։