ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է հարյուրը

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է հարյուրը

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվն արդեն անցել է 100-ը։ Չիլիի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է 112 մարդ, հայտնում է Reuters-ը։

Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը արտակարգ դրություն է հայտարարել Վալպարաիսո շրջանում և խոստացել է տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները» իրավիճակը կարգավորելու համար։

Իշխանությունները նախազգուշացրել են, որ հրդեհներն ընդգրկել են ավելի մեծ տարածքներ, և զոհերի թիվը կարող է աճել։ Այժմ, ըստ նրանց, ամբողջ երկրում 40 հրդեհի ակտիվ օջախ կա։

Հրդեհները սկսվել են ամառային շոգից, երբ ջերմաստիճանը բարձրացել է 33°C-ից: Դրանք մարելու համար աշխատում են 1400 հրշեջ, բանակը, հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Փրկարար ծառայությունները փորձում են հասնել ամենաշատ տուժած շրջաններ, սակայն նրանց խանգարում են մեքենաների շարասյուները, որոնցով մարդիկ փախչում են հրդեհից:

Բնակարանաշինության նախարարությունն արդեն հայտնել է, որ հրդեհներից տուժել է 3000-6000 տուն:

Աղետը, որը սկսվել է լեռներից, տարածվել ափամերձ շրջաններ՝ հասնելով Վինա դել Մար և Վալպարաիսո քաղաքներ։ Այդ տարածքները միասին կազմում են մի հսկայական շրջան Չիլիի կենտրոնական ափին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Իշխանությունները նշում են, որ հետաքննում են հրդեհների առաջացման պատճառները և չեն բացառում, որ դրանք հրկիզման հետևանք են, իսկ իրավիճակը սրվել է ամառային շոգից:

  • Կիսվել: