Չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը նորից հայտնվի տարածաշրջանում՝ հակամարտության պատրվակով. ԻԻՀ նախագահ
Իրանը չի կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն իր սահմանների մոտ, և չի կարող թույլ տալ, որ այս պատերազմի պատրվակով ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում: Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է կառավարության նիստում:
«Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Մենք չենք կարող համակերպվել այդ հրետանիների և ականանետերի հետ։ Ականներն ընկել են մեր սահմաններում։ Մենք նաև չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը նորից հայտնվի տարածաշրջանում՝ հակամարտության պատրվակով։
Մենք պայքարեցինք ահաբեկիչների դեմ և նրանց վտարեցինք մեր սահմաններից: Մենք այդ ժողովուրդների օգնությամբ պայքարեցինք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում: Անընդունելի է, որ որոշ մարդիկ փորձում են ահաբեկիչներին Սիրիայից և այլ վայրերից տարբեր պատրվակներով տեղափոխել Իրանի սահմանին մոտ գտնվող շրջաններ»,- ասել է Ռուհանին:
Իրանի նախագահի խոսքով՝ ինքն այս նախազգուշացումը հնչեցրել է հակամարտության երկու կողմերին: Միաժամանակ, նա նախազգուշացրել է երրորդ երկրներին՝ հակամարտություն հրահրելու և «պատերազմի կրակը սաստկացնելու» անթույլատրելիության մասին: