Չեխիան ուղղաթիռներ է ուղարկել Լեհաստան՝ ԱԹՍ-ներից պաշտպանության համար
Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» գործողությանն աջակցելու շրջանակներում: Այս մասին հայտնել է Չեխիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր Լեհաստան են ժամանել երեք ուղղաթիռներ՝ մեր մերձավոր դաշնակցի արևելյան սահմանի օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մեր օդաչուները մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինեն Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր Դաշինքի արևելյան թևում «Արևելյան պահապան» գործողության մեկնարկի մասին։ Գործողության հայտարարված նպատակն է «վերացնել անօդաչու թռչող սարքերի հետ կապված կոնկրետ սպառնալիքները»։
Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք: Վարշավան դա անվանել էր աննախադեպ սադրանք: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լեհաստանում որևէ օբյեկտ չի թիրախավորվել, և գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել լեհական կողմի հետ:


