ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չավուշօղլուն անդրադարձել է փրկարարների մասին տարածվող ապատեղեկատվությանը

Չավուշօղլուն անդրադարձել է փրկարարների մասին տարածվող ապատեղեկատվությանը

Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դինո Քոնաքովիչին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն, խոսելով Թուրքիա ժամանած որոնողափրկարարական խմբերի և տարբեր երկրների ու կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնության մասին, նշել է, որ համատարած ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում։ Տգեղ արտահայտություններ են արվում փրկարարների հասցեին։

«Այդպես ճիշտ չէ։ Ցավոք, ապատեղեկատվություն տարածողների մի զգալի մասը մեր լրատվամիջոցներն էին, մեր օգտատերերը»,- նշել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ այլ երկրներից ժամանած փրկարարները բարեկամաբար եկել են օգնելու։ Բնականաբար, աշխատանքի համակարգման հետ կապված թերություններ կարող էին լինել սկզբնական շրջանում, բայց կարճ ժամանակում այդ ամենը շտկվել է։

«Որոշներն էլ ավարտել են իրենց առաքելությունը ու վերադառնում են։ Մենք բոլորին առանձին-առանձին շնորհակալ ենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

  • Կիսվել: