Ցավոք սրտի, ոմանք սխալ են հասկացել Ռուսաստանի՝ կառուցողական փոխգործակցության համար պատրաստակամությունը. Պուտին
Ցավոք սրտի, ոմանք սխալ են հասկացել Ռուսաստանի՝ կառուցողական փոխգործակցության համար պատրաստակամությունը: Նրանք դա հասկացել են որպես խոնահություն, որպես համաձայնություն, որ նոր կարգ կկառուցեն նրանք, ովքեր իրենց հաղթող են հայտարարել սառը պատերազմում: Ըստ էության՝ որպես ճանաչում, որ Ռուսաստանը պատրաստ է հետևել ուրիշի օրինակին, պատրաստ է առաջնորդվել ոչ թե իր ազգային, այլ այլոց շահերով։ Այս մասին Վալդայ միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
՛՛Այս բոլոր տարիներին մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք՝ այս մոտեցումը ոչ միայն տանում է դեպի փակուղի, այն նաև հղի է ռազմական բախումների աճող սպառնալիքով։ Բայց ոչ ոք չէր պատրաստվում լսել մեզ, ոչ ոք չէր ուզում: Արևմուտքում մեր՝ այսպես կոչված գործընկերների ամբարտավանությունը, գիտեք, ուղղակի դուրս էր չափերից, այլ կերպ ասել հնարավոր չէ։
Միացյալ Նահանգները և նրա արբանյակները հաստատապես հեգեմոնիայի ուղղություն են սահմանել՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային, նույնիսկ բարոյական և արժեքային:
Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ մենաշնորհ հաստատելու փորձերը դատապարտված են ձախողման։ Աշխարհը չափազանց բարդ և բազմազան է մեկ սխեմայի ենթարկվելու համար, նույնիսկ եթե դրա հետևում թաքնված է դարերի ընթացքում գաղութատիրական քաղաքականությամբ կուտակված՝ Արևմուտքի հսկայական ուժը:
Ի վերջո, ձեր գործընկերները, շատերը այստեղ չեն, բայց նրանք չեն ժխտում, որ Արևմուտքի բարգավաճումը մեծ մասամբ ձեռք է բերվել դարերի ընթացքում գաղութների թալանի շնորհիվ: Սա փաստ է։
Իրականում զարգացման այս աստիճանը ձեռք է բերվել ողջ մոլորակը թալանելով։ Արևմուտքի պատմությունը, ըստ էության, անվերջ ընդարձակման տարեգրություն է: Աշխարհում արևմտյան ազդեցությունը հսկայական ռազմա-ֆինանսական բուրգ է, այն իրեն պահելու համար անընդհատ նոր ՛՛վառելիքի՛՛ կարիք ունի՝ ուրիշներին պատկանող բնական, տեխնոլոգիական, մարդկային ռեսուրսներ։ Ուստի Արեւմուտքը պարզապես չի կարող կանգ առնել եւ մտադիր չէր դա անել։ Մեր փաստարկները, հորդորները, ողջամտության կոչերն ու առաջարկները պարզապես անտեսվեցին։
Այս մասին ես արդեն խոսել եմ հրապարակայնորեն: Ի վերջո, եղավ մի պահ, երբ ձեր խոնարհ ծառան պարզապես առաջարկեց՝ միգուցե մենք մտնե՞նք ՆԱՏՕ։ Բայց ոչ, նման երկիր ՆԱՏՕ-ին պետք չէ։ Ոչ։ Հարց է առաջանում՝ էլ ի՞նչ։ Մտածում էինք, որ արդեն մերոնքական ենք, կներեք, ինչպես մեր ժողովուրդն է ասում, բուրժուական։ Էլ ի՞նչ։ Այլևս չկա գաղափարական առճակատում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Խնդիրը, ըստ երեւույթին, աշխարհաքաղաքական շահերն են ու ուրիշների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքն է։ Դա է խնդիրը, ինքնավստահությունը՛՛,-նշել է Պուտինը: