չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «մարտավարական դադարների» մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնությանն աջակցելու համար

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «մարտավարական դադարների» մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնությանն աջակցելու համար

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամեն օր՝ առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-ը, կդադարեցնի մարտական ​​գործողությունները Գազայի հիմնական ճանապարհներից մեկի երկայնքով՝ մարդասիրական օգնության առաքումները հեշտացնելու համար: Այսպես կոչված «մարտավարական դադարը» կսկսվի Ռաֆահի շրջանում:

Ըստ զինվորականների՝ դադարը համակարգվում է ՄԱԿ-ի և միջազգային աջակցության գործակալությունների հետ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է զինվորականների այդ որոշումը՝ այն համարելով անընդունելի: ABC News հեռուստաալիքին անանուն աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն նախապես տեղեկացված չի եղել այդ որոշման մասին:

Զինվորականների քայլը քննադատել է նաև Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը: Նա հայտարարել է, որ այդ նախաձեռնությունը չի ներկայացվել նախարարների կաբինետի քննարկմանը և  հակասում է կառավարության որոշմանը:

ՑԱՀԱԼ-ը ստիպված է եղել բացատրել, որ դադարը չի նշանակում Ռաֆահում գործողությունների դադարեցում: «Գազայի հատվածի հարավում հրադադարի ռեժիմ չկա, Ռաֆահում կռիվները շարունակվում են»,- Ynet-ը մեջբերել է ՑԱՀԱԼ-ի ներկայացուցչի խոսքը:

  • Կիսվել: