Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից կդառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
Եվրամիության երկրները որոշում են կայացրել 2025 թվականի հունվարի 1-ից վերացնել վերահսկողությունը Բուլղարիայի և Ռումինիայի հետ ցամաքային սահմաններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
«Պատմական պահ է վերջապես ողջունել Բուլղարիային և Ռումինիային՝ որպես Շենգենյան գոտու լիիրավ անդամներ: Այս անդամ երկրների հետ և նրանց միջև ներքին ցամաքային սահմաններում անձանց ստուգումների վերացումը եղել է Հունգարիայի նախագահության առաջնահերթությունը, և այսօր մենք դա իրականություն ենք դարձրել: Այս քայլն օգուտ կբերի ոչ միայն Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիներին, այլև ամբողջ ԵՄ-ին», - ասել է ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը:
Եվրամիությանն անդամակցելուց ի վեր Բուլղարիան և Ռումինիան կիրառել են Շենգենյան օրենսդրության որոշ մասեր, այդ թվում՝ արտաքին սահմանների վերահսկողության, ոստիկանության համագործակցության և Շենգենյան տեղեկատվական համակարգի կիրառման հետ կապված: 2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԵՄ խորհուրդը որոշեց կիրառել Շենգենյան համաձայնագրի մնացած մասերը և 2024 թվականի մարտի 31-ից վերացնել անձանց ստուգումները ներքին օդային և ծովային սահմաններում։
Շենգենյան տարածքը ներկայում ընդգրկում է 29 երկիր (27 անդամ երկրներից 25-ը, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան) և 420 միլիոն բնակչություն: ԵՄ խորհուրդն իր հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ Կիպրոսի հետ ներքին սահմանների նկատմամբ վերահսկողությունը դեռևս չի հանվել, իսկ Իռլանդիան Շենգենյան գոտու մաս չէ։