երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ

Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ

Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։ Այս մասին Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 մլրդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով»:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցները նախատեսում են ստորագրել ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր՝ 40 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում նշել է, որ երկիրը ներկայում բախվում է միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի, որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները։

«Այս առումով, Եգիպտոսի և նրա եվրոպացի գործընկերների միջև փոխադարձ աջակցությունն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն»,-ընդգծել է Եգիպտոսի ղեկավարը։

  • Կիսվել: