շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Բոլոր կողմերը համաձայն են, որ Ուկրաինայի հարցով երկխոսությանն անհրաժեշտ է ՌԴ-ի մասնակցությունը․ Շվեյցարիայի ԱԳՆ

Բոլոր կողմերը համաձայն են, որ Ուկրաինայի հարցով երկխոսությանն անհրաժեշտ է ՌԴ-ի մասնակցությունը․ Շվեյցարիայի ԱԳՆ

Բոլոր կողմերը համաձայն են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով հաշտության երկխոսությանը, բայց միասնություն չկա այն հարցի շուրջ, թե որ պահին դա կարող է տեղի ունենալ: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը։

«Պարզ է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այդ գործընթացին: Դրան բոլորը համաձայն են։ Հարցն այն է, թե որ պահից այն կարող է մասնակցել», - Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Արտգործնախարարը նշել է, որ Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում կայանալիք գագաթնաժողովը «հաշտության  գործընթացի սոսկ մեկնարկային կետն է»։

«Դա (խմբ․՝ այս գործընթացը) կարող է տևել շաբաթներ, ամիսներ: Արդյոք այն ընդհանրապես կհանգեցնի հաջողության, ցույց կտա ապագան», - հավելել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա պնդել է, որ գագաթնաժողովին նախապատրաստվելիս համադաշնության իշխանությունները կանոնավոր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, և ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել հասնել հանդիպմանը միաժամանակ երկու կողմերի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մասնակցությանը:

Բուրգենշտոկում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ին: Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հայտնել շուրջ 90 երկրներ և կազմակերպություններ։

  • Կիսվել: