Բողոքի ցույցեր Բասրայում՝ իրանական չվերթների արգելքի դեմ
Բասրայում բողոքի ակցիա է անցկացվել երկրի օդանավակայաններում իրանական ինքնաթիռների ընդունումը դադարեցնելու Իրաքի իշխանությունների որոշման դեմ: Այս մասին տեղեկացնում է Al Mirbad-ը։
Նշվում է, որ նահանգի պատգամավորները միևնույն ժամանակ պահանջել են կառավարությունից վերանայել որոշումը և վարչապետ Ալի ազ-Զայդիին դրա համար տվել են 48 ժամ։
Նույն օրը Բաղդադը հայտնել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների մասին՝ իրաքյան որոշ օդանավակայաններ ամերիկյան սահմանափակումներից բացառելու նպատակով, որպեսզի վերականգնվեն Իրանի հետ չվերթները հումանիտար և քաղաքացիական պատճառներով։
Նշենք, որ նախօրեին տեղի Al-Mirbad պարբերականը հայտնել էր Բասրայում՝ Շատթ ալ-Արաբի ափամերձ հատվածում, բողոքի ակցիայի նախապատրաստման մասին։ Կազմակերպիչները հայտարարել էին, որ ակցիան կանցկացվի հասարակական և զանգվածային կազմակերպությունների մասնակցությամբ։ Շաբաթ օրը տեղեկություններ տարածվեցին, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել։ Մասնակիցները հանդես են եկել իրանական ինքնաթիռների համար իրաքյան օդանավակայանները փակելու որոշման դեմ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Բասրայից պատգամավոր Ֆալեհ ալ-Խազաալին հայտնել է, որ որոշումն անհիմն է և կարող է վնաս հասցնել Իրաքի շահերին։ Նրա խոսքով՝ օրական ավելի քան 50 իրանական ինքնաթիռներ չվերթներ են իրականացնում դեպի իրաքյան օդանավակայաններ և հակառակ ուղղությամբ։
Պատգամավորն ընդգծել է նաև ավիահաղորդակցության նշանակությունը կրոնական տուրիզմի համար։ Նրա խոսքով՝ ամեն օր Իրաք է ժամանում շուրջ 10 հազար իրանցի ուղևոր, որոնց մոտ մեկ հինգերորդը՝ ինքնաթիռով։ Այս հոսքի կրճատումը, ինչպես կարծում է ալ-Խազաալին, կարող է անդրադառնալ Նաջաֆի, Քերբելայի, Քադիմիայի և Սամարայի հյուրանոցային բիզնեսի, ծառայությունների ոլորտի և տնտեսության այլ հատվածների վրա։
Հաղորդվում է նաև, որ Բասրայի մի քանի պատգամավորներ հայտարարել են, որ սկսել են ստորագրահավաք՝ վարչապետին, Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարին և տրանսպորտի նախարարին խորհրդարանի նիստին հրավիրելու համար։ Նրանք նախազգուշացրել են, որ որոշման բացակայության դեպքում կօգտագործեն խորհրդարանական ընթացակարգերը՝ կառավարության վրա ճնշում գործադրելու համար։



