ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Բեռլինում մեկնարկել է Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը

Բեռլինում մեկնարկել է Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը

Բեռլինում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը։ Դրա նպատակը միջազգային դաշինքներ ստեղծելն է՝ Ուկրաինային տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված երկօրյա խորհրդաժողովի մեկնարկից առաջ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն Կիևին համակողմանի աջակցություն է խոստացել ոչ ռազմական ոլորտում։

«Նույնիսկ պատերազմի ժամանակ խոսք է գնում վերականգնման մասին», - հայտարարել է նա։

Շուլցեի խոսքով՝ «մարդկանց տանիք է պետք, էլեկտրականություն, երեխաները պետք է դպրոց հաճախեն»։

Ակնկալվում է, որ Բեռլինի խորհրդաժողովի ընթացքում միջազգային դաշինքներ կստեղծվեն Ուկրաինային տնտեսական և սոցիալական աջակցության համար։

Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նախքան միջոցառման բացումը վստահեցրել է Կիևին, որ իր երկիրն աջակցում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարին:

«Այստեղ՝ վերականգնման խորհրդաժողովում, մենք միասին ուղերձ ենք հղում, որ ոչ միայն միասին մարտահրավեր ենք նետում Ռուսաստանի դաժան հարձակմանը, այլև ճանապարհ ենք հարթում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության համար», - ընդգծել է նա։

Բերբոքի խոսքով՝ կարևոր է, որ պատերազմում հաղթելուց հետո Ուկրաինան ոչ միայն ազատ լինի, «այլև տնտեսապես կարողանա իր ոտքերի վրա ամուր կանգնել միացյալ Եվրոպայում»:

  • Կիսվել: