կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բելգիացի ֆերմերները փակել են Եվրոպայի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստի ճանապարհները

Բելգիացի ֆերմերները փակել են Եվրոպայի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստի ճանապարհները

 Բելգիացի ֆերմերները փակել են Անտվերպեն նավահանգիստ տանող ճանապարհները, որը Եվրոպայում երկրորդն է բեռնափոխադրումների ծավալով։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է նավահանգստի տնօրինությունը։

«Ֆերմերների գործողությունները երթևեկության լուրջ խախտումներ են առաջացնում Անտվերպենի նավահանգստային գոտում», - ասված է նավահանգստի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

VRT հեռուստաալիքի տվյալներով՝ ֆերմերները շրջափակման համար օգտագործել են մոտ 500 տրակտոր։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, բողոքի ակցիայի համար Անտվերպենում են հավաքվել ֆերմերներ ամբողջ Ֆլանդրիայից։ Ֆերմերներն ամբողջությամբ չեն փակում մուտքի ճանապարհները. նրանք պատրաստ են թույլ տալ արտակարգ ծառայությունների անցումը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ կպահպանեն կարգուկանոնը։ Ակցիայի միջոցով ֆերմերները ցանկանում են «ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա» և հարգանք են պահանջում նավահանգստային ընկերություններից։

Վերջին ժամանակներս Եվրամիության տարբեր երկրներում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ։ Մասնավորապես, ցույցեր են կազմակերպվել Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և ԵՄ այլ պետություններում:

  • Կիսվել: