չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների․ Բայդեն

Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների․ Բայդեն

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Ենս Ստոլտենբերգը Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2024 թվականին Դաշինքի եվրոպական անդամների և Կանադայի պաշտպանական ծախսերն ավելանում են 18 %-ով, իսկ դաշինքի 23 անդամ պաշտպանական ոլորտի համար կծախսի ՀՆԱ-ի 2 %-ը կամ դրանից ավելին։ «Սա վերջին տասնամյակների ամենամեծ աճն է»,- նշել է Ստոլտենբերգը։
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Բայդենին, իր խոսքով, Ուկրաինայի հարցում ուժեղ առաջնորդության համար։ Նա ողջունել Վաշինգտոնի և Կիևի միջև անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումը։ «Դաշինքի եվրոպական անդամները նույնպես ուժեղացնում են Ուկրաինային ռազմական աջակցությունը»,- նշել է պաշտոնյան:
 
Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին համատեղ ուժերով հաջողվել է զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան Եվրոպայում: 
 
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ Բայդենի հետ քննարկել են նաև հաջորդ ամիս նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Դաշինքն առաջատար դեր կստանձնի Ուկրաինայի անվտանգությանն աջակցության և զինվորականների ուսուցման հարցում:

  • Կիսվել: