Բարձրաստիճան պաշտոնյան, որի նկատմամբ մահափորձը, ըստ ԱԴԾ-ի, կանխվել է, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է․ ԶԼՄ
Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը կանխվել է բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ մահափորձը։ Խոսքը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի մասին է, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ առանց աղբյուրին հղում անելու։
ԱԴԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը կանխել է ռուս բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձը: Ծառայության տվյալներով՝ մահափորձը ծրագրվել է Ուկրաինայից ստացված հրահանգով, երբ նա այցելել է իր մերձավոր ազգականների թաղման վայր: ԱԴԾ-ն չի նշել պաշտոնյայի անունը:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ ամուսնական զույգ։ Նրանց ցուցմունքները (նրանց հարցաքննության տեսանյութը հրապարակվել է ԱԴԾ-ի կողմից) ցույց են տալիս, որ նրանք գործել են Ռուսլան անունով մի տղամարդու հրահանգներով, որի հետ նրանք ծանոթացել էին առցանց։ Նա խնդրել է նրանց գերեզմանատուն տանել ծաղկաման և թողնել այն գերեզմաններից մեկի մոտ։ Ծաղկամանի ներսում եղել է տեսախցիկ և, ինչպես ենթադրել է կասկածյալներից մեկը, պայթուցիկ սարք։ Նրանց խոստացել են մեթադոն՝ որպես պարգև առաջադրանքը կատարելու համար։ Զույգը ձերբակալվել է տուն վերադառնալիս։


