շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր հայտնի կդառնա Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը

Այսօր հայտնի կդառնա Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը

Փետրվարի 1-ին տեղի կունենա «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտոնապես կներկայացվի Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում:

Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, «Վրացական երազանք»-ի առաջնորդ Գիա Վոլսկին:

«Փետրվարի 1-ին կկայանա համագումարը, որին պաշտոնապես կհայտարարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից Իրակլի Կոբախիձեի հրաժարականի մասին, մենք նրան կներկայացնենք որպես վարչապետի թեկնածու, իսկ Իրակլի Կոբախիձեն կներկայացնի կուսակցության կազմը։ Սրանից հետո կառավարության կազմը կհաստատվի, վստահ եմ, որ այս թարմացումն իր դրական արդյունքները կբերի ինչպես կուսակցությունում, այնպես էլ կառավարությունում»,- ասել է Վոլսկին։

Վրաստանի կառավարության նոր կազմը պետք է հաստատվի հաջորդ շաբաթ:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորությունները դադարում են պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո, կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։ Կառավարության ղեկավարի պարտականությունները դրվում են առաջին փոխվարչապետի վրա։

Երկրի բոլոր նախարարները կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ։ Խորհրդարանը կունենա երկու շաբաթ՝ վստահություն հայտնելու նոր վարչապետին և նրա ներկայացրած կառավարությանը:

Վստահություն ձեռք բերելու համար կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի առնվազն 76 պատգամավորի աջակցությունը։

  • Կիսվել: