ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Այսօր գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում. Փաշինյան

Այսօր գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում. Փաշինյան

Ումի՞ց է անկախ դատական համակարգը: Այս հարցին այսօր Հայաստանում դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա էլ է շատ կարևոր`ումի՞ց է անկախ դատական համակարգը: Ես միշտ եղել եմ այն համոզմունքին, որ դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից այն առումով, որ ժողովուրդն է Հայաստանում որևէ իշխանության գեներացման աղբյուրը: Ժողովուրդն է օրենսդիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է գործադիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանության գեներացման աղբյուրը և ժողովուրդը պետք է լինի նաև դատական համակարգի գեներացման աղբյուրը: Ամեն տեղում իր մեխանիզմը կա: Բայց ես երբ մտածում եմ, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ այս խզումը, որը ընդ որում, ասում եմ` դա ուրիշ հարց է` ինչքանով օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Նույնը վերաբերում է կոռուպցիային, որովհետև մենք նաև քաղաքական թիմում երբ քննարկում ենք, թե ինչն է պատճառը, որ այն սկզբնական շրջանի շատ մեծ ընկալումը հեղափոխությունից հետո, որ կոռուպցիան վերանում է, վերացել է Հայաստանից, ինչո՞ւ այդ ընկալումն այսօր չկա: Արդյո՞ք նրա համար, որ մենք դարձել ենք կոռումպացված: Բայց մենք հասկանում ենք, որ կոռուպցիայի ընկալումն ավելի կարևոր է, իհարկե, նաև օբյեկտիվորեն այդ ընկալումը ձևավորվում է որոշակի դեպքերից, այդ թվում` իրավապահ մարմինների գործունեությունից, որը նույնպես Կառավարության քաղաքական կամքի շրջանակում է գործում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր, այդ թվում՝ գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում: Դա ըստ վարչապետի, նշանակում է` այնուամենայնիվ, այնպես չէ, որ այդ ընկալումն իրականությունից ընդհանրապես կտրված է: Հետևաբար, երկրի ղեկավարի խոսքով, հարց է ծագում` ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացումն առնվազն ոչ լիարժեք, որովհետև վարչապետի կարծիքով, նաև արդարության և արդարադատության օրգանական կապի խնդիր ունենք Հայաստանի ժողովրդի իշխանության միակ աղբյուրի հետ:

«Եվ այս քաղաքական խնդիրն, իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարողացել լուծել, և այդ խնդիրը կարծում եմ, որ սպասում է լուծման: Բայց սա այն դեպքն է, որ Կառավարությունը և օրենսդիր իշխանությունը միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել: Մեր բոլորիս խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր պետությանը կհավատա, եթե հավատա իր ինքնակառավարման մարմիններին, եթե հավատա իր օրենսդիր իշխանությանը, եթե հավատա իր գործադիր իշխանությանը, եթե հավատա իր դատական իշխանությանը: Սա է այն կետը, որտեղ ինչքան էլ իշխանության տարբեր թևերը լինեն անջատ, ունենան միասնական խնդիր: Այդ խնդիրն է՝ ունենալ օրգանական կապ ժողովրդի և նրա ձգտումների հետ, ընդ որում, ես չեմ ասում, որ իշխանությունները պետք է ժողովրդի ձգտումները, ընկալումները միանգամից այսպես իրականացնեն: Եթե այդպես մտածեինք` 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ոչ թե կգնայինք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով, ես շնորհակալ եմ, որ ցույց տրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ ներդրում է արել Կառավարությունը, այդ թվում` արդարադատության ոլորտում, այլ կգնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, որը կործանարար կլիներ մեր պետության համար: Այսինքն`դա կլիներ մի հարված, որից մեր պետությունը չէր կարող վերականգնվել»,-ասաց է վարչապետը:

  • Կիսվել: