շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Axios. ԱՄՆ վարչակազմում քննարկել են իրանական Խարկ կղզին զավթելու հարցը

Axios. ԱՄՆ վարչակազմում քննարկել են իրանական Խարկ կղզին զավթելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, բացի հարստացված ուրանի պաշարների անվտանգության ապահովումից, քննարկվել է նաև իրանական Խարկ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։

Ըստ պարբերականի, հենց այս կղզին է այն ռազմավարական տերմինալը, որին բաժին է ընկնում Իրանից հում նավթի արտահանման մոտ 90%-ը։

Իրանի միջուկային օբյեկտներին անցյալ տարվա հունիսին հասցված ամերիկա-իսրայելական հարվածները թաղել են իրանական ուրանի պաշարները փլատակների տակ։ Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների, իրանցիներն այդ ժամանակից ի վեր չեն կարողանում հասնել դրանց։

Հարվածները ոչնչացրել են նաև իրանական գրեթե բոլոր ցենտրիֆուգները, և չկա որևէ ապացույց, որ ուրանի հարստացումը վերսկսվել է։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշարների մեծ մասը գտնվում է Սպահանի միջուկային օբյեկտի ստորգետնյա թունելներում, իսկ մնացած մասը բաշխված է Ֆորդոյի և Նաթանզի միջև։

Պատերազմի առաջին օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնել Նաթանզին և Սպահանին, որոնք, ըստ ամենայնի, նպատակ ունեին փակել մուտքերը՝ հավանաբար որևէ նյութի տեղաշարժը կանխելու համար։

ԱՄՆ-ն և Իսրայելը 60% հարստացված 450 կիլոգրամ իրանական ուրանը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք, քանի որ այն զենքի մակարդակի հարստացնելու համար կպահանջվեն ընդամենը շաբաթներ։ Եթե ողջ պաշարը զտվեր մինչև 90%, այդ նյութը կբավականացներ 11 միջուկային ռումբի համար։

  • Կիսվել: