Աստանայում Ալիևի և Ռաիսիի հանդիպումը ուղեկցվել է վեճով և փոխադարձ մեղադրանքներով․ լիբանանյան լրատվամիջոց
Լիբանանյան kataeb.org հարթակն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին։
Հոդվածում ներկայացված են Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժությունները սկսվել են մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարություններից, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս համատեքստում կայքի աղբյուրը, որը, ըստ կայքի, Ռաիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջև վեճ է եղել։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին և այն որակել սպառնալիք Բաքվի անվտանգության համար։
Ալիևը նաև կտրուկ արձագանք է տվել, երբ Ռաիսին ասել է, որ այդ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև ցանկացած ծրագրի դեմ պայքարելու համար, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն․ անհրաժեշտության դեպքում նաև պատերազմով։
Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու համար զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։
Նշվում է նաև, որ Ռաիսին Ալիևին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանցի անջատականներին աջակցելու և նրանց համար սեփական լրատվամիջոցներ ստեղծելու մեջ։



