ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Աշխարհում զենքի շրջանառությունը 2021-2025 թթ. աճել է գրեթե 10%-ով․ SIPRI զեկույց

Աշխարհում զենքի շրջանառությունը 2021-2025 թթ. աճել է գրեթե 10%-ով․ SIPRI զեկույց

Պետությունների միջև զենքի մատակարարումների հիմնական ծավալը 2021-2025 թթ. աճել է 9,2%-ով՝ նախորդ հնգամյա ժամանակահատվածի (2016-2020 թթ.) համեմատ: Այս մասին հաղորդել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտն (SIPRI) իր նոր զեկույցում։

Եվրոպական պետություններն ավելի քան եռապատկել են իրենց զենքի ներմուծումը՝ այսպիսով Եվրոպան դարձնելով ամենաշատ զենք ստացող տարածաշրջանը։ Աշխարհի զենքի ամենախոշոր մատակարար Միացյալ Նահանգների կողմից արտահանման ընդհանուր ծավալն աճել է 27%-ով։ Սա ներառում է ԱՄՆ-ից Եվրոպա զենքի արտահանման 217 %-ով աճ։

Համաշխարհային զենքի շրջանառության աճը հիմնականում պայմանավորված էր Ուկրաինա (որը 2021-2025 թթ. ստացել է զենքի բոլոր փոխանցումների 9,7%-ը) և այլ եվրոպական պետություններ մատակարարումների աճով։ Եվրոպայից և Ամերիկայից բացի, աշխարհի մյուս բոլոր տարածաշրջաններ զենքի ներմուծումը նվազել է։

«Մինչ Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում լարվածությունն ու հակամարտությունները շարունակում են խթանել զենքի մեծածավալ ներմուծումը, եվրոպական պետություններ զենքի հոսքի կտրուկ աճը համաշխարհային զենքի մատակարարումներն ավելացրել է գրեթե 10%-ով», - ասել է SIPRI-ի զենքի մատակարարումների ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը։

2021-2025 թթ. Միացյալ Նահանգներն ամրապնդել է իր դիրքերը որպես աշխարհի առաջատար զենքի մատակարար՝ ապահովելով միջազգային զենքի բոլոր մատակարարումների 42%-ը, ինչը 6%-ով ավելի է 2016-2020 թթ. 36%-ի համեմատ։ ԱՄՆ-ն 2021-2025 թթ. զենք է արտահանել 99 պետություն, այդ թվում՝ 35 պետություն Եվրոպայում, 18-ը՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, 17-ը՝ Աֆրիկայում, 17-ը՝ Ասիայում և Օվկիանիայում և 12-ը՝ Մերձավոր Արևելքում։

Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ զենքի արտահանման ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել Եվրոպային (38%), այլ ոչ թե Մերձավոր Արևելքին (33%)։ Այնուամենայնիվ, ԱՄՆ զենքի ամենախոշոր ստացողը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիան (ԱՄՆ զենքի արտահանման 12%-ը)։

Ֆրանսիան 2021-2025 թթ. համարվել է զենքի երկրորդ խոշորագույն մատակարարը. նրան բաժին է ընկել համաշխարհային արտահանման 9,8%-ը։ Ֆրանսիայի զենքի արտահանումը 2021-2025 թթ. նախորդ հնգամյա ժամկետի համեմատ աճել է 21%-ով։ Փարիզը զենք է արտահանել 63 երկիր, որի գրեթե մեկ քառորդը (24%) ուղղվել է Հնդկաստան։

Ռուսաստանը զենք արտահանող 10 առաջատար երկրներից միակն էր, որի զենքի արտահանումը նվազել է (-64%)։ Համաշխարհային զենքի արտահանման մեջ նրա բաժինը 2016-2020 թթ. 21%-ից 2021-2025 թթ. նվազել է մինչև 6,8%։  Ռուսաստանը 2021-2025 թթ. զենք է մատակարարել 30 պետության և 1 ոչ պետական ​​սուբյեկտի։ Ռուսական զենքի արտահանման գրեթե երեք քառորդը (74%-ը) 2021-2025 թվականներին ուղղվել է երեք պետության՝ Հնդկաստան (48%), Չինաստան (13%) և Բելառուս (13%)։

Գերմանիան գերազանցել է Չինաստանին և 2021-2025 թթ. դարձել չորրորդ խոշորագույն զենք արտահանողը՝ համաշխարհային զենքի արտահանման 5,7%-ով։ Գերմանական զենքի արտահանման գրեթե մեկ քառորդը (24%) ուղղվել է Ուկրաինային որպես օգնություն և ևս 17%-ը՝ այլ եվրոպական պետությունների։

Իտալիայի կողմից զենքի արտահանումն աճել է 157%-ով. այն դարձել է վեցերորդ խոշորագույն արտահանողը 2021-2025 թթ.։

Զենքի յոթերորդ խոշորագույն մատակարար Իսրայելը համաշխարհային զենքի արտահանման իր բաժինը 2021-2025 թթ. մեծացրել է մինչև 4,4% և առաջին անգամ գերազանցել է Միացյալ Թագավորությանը (3,4%)։

Եվրոպական պետություններին բաժին է ընկել համաշխարհային զենքի ներմուծման 33%-ը, ընդ որում՝ տարածաշրջանի ներմուծումը 2021-2025 թթ. աճել է 210%-ով նախորդ ժամանակահատվածի համեմատ:

Ասիայի և Օվկիանիայի պետություններին 2021-2025 թթ. բաժին է ընկել զենքի ներմուծման երկրորդ խոշորագույն մասնաբաժինը՝ 31%։

Մերձավոր Արևելքի պետությունների կողմից զենքի ներմուծումը 2021–2025 թթ. նախորդ ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 13%-ով: Մերձավոր Արևելք զենքի ներմուծման կեսից ավելին կատարվել է ԱՄՆ-ից (54%)։

Աֆրիկյան պետությունների կողմից զենքի ներմուծումը 2021-2025 թվականներին նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է 41%-ով։

 

  • Կիսվել: